ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՈՐԴԵԳՐԵԼ ԵՆՔ ՄԻ ՀԻՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՆՔ ՆՈՒՅՆՔԱՆ ԱՆՀԵԹԵԹ, ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ»

«ՈՐԴԵԳՐԵԼ ԵՆՔ ՄԻ ՀԻՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՆՔ ՆՈՒՅՆՔԱՆ ԱՆՀԵԹԵԹ, ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ»
30.10.2009 | 00:00

Նկարչի տան առաջին հարկի ցուցասրահում ուշագրավ մի հանդես էր` նկարչություն մետաքսի վրա: Այս անգամ հանրապետության ամենաընդարձակ ցուցասրահին «ձեռնոց էր նետել» բնագավառի լավագույն մասնագետներից մեկը` պրոֆեսոր ՆՈՒՆԵ ԱՂԲԱԼՅԱՆԸ:
Ցուցասրահում օրվա տարբեր ժամերին աշխույժ քննարկումներ էին, շրջայցեր և... զբոսանքներ: Միջավայրը շատ էր տրամադրող: Կարծես ծաղկազարդ զբոսայգում ես, ուր միահյուսված են իրականն ու հեքիաթայինը:
Նկարչի հետ հանդիպումը կայացավ հենց այն հազվադեպ դադարներից մեկի ժամանակ, երբ նրան հանգիստ էին թողել այս յուրատիպ զբոսայգու այցելուները:
-Նունե, քո կերպարվեստը լայնորեն հայտնի է, մշտապես ուշադրության կենտրոնում ես, երբեմն էլ «դիմագրավում ես» հեռուստախցիկների և ձայնագրիչների գրոհները: ՈՒ հանկարծ` բեմել, այն էլ՝ ամենապատասխանատու ցուցահանդեսային դահլիճում...
-Իմ արվեստանոցն ընդարձակ չէ, ընդամենը` 50 քմ, գտնվում է հայրական տան ներքնահարկում: Ստեղծագործությունն արվեստանոցում հնարավոր չէ տեսնել, ընկալել նրա ողջ ասելիքով, որքան էլ այստեղից այնտեղ տեղափոխես, այս ու այն անկյունից դիտես: ՈՒ գալիս է պահը քո ստեղծագործությունն ընդհանրական ձևով տեսնելու: Ավելացնեմ, որ պահանջված նկարիչ լինելու հանգամանքը գաղտնիք չէ ո՛չ ինձ, ո՛չ էլ շրջապատիս համար: Ես պարբերաբար վաճառում եմ գործերս, ցուցադրում հաճախ... երբեմն նաև դրսում: Սակայն ինքդ քեզ, այսպես ասած, կողքից պիտի տեսնես: Կտավը որքան մեծ ու ընդարձակ է թվում արվեստանոցում, նույնքան փոքր է ցուցասրահում: Այստեղ անմիջապես երևում են նկարիդ դրական և բացասական կողմերը: Նաև բացեմ երկու գաղտնիք: Հիսնամյակս էր և երեսուն տարվա գործունեությանս հոբելյանը: Այսպիսով սա հանրագումար է` ինչի եմ հասել և հետո ինչ եմ անելու:
-Ես դժվարությամբ եմ համակերպվում 50-ամյակիդ հետ: Կարծում եմ, դա զուտ անձնագրային խաբկանք է: Կնոջ և նկարչուհու հմայքի տեսանկյունից դու, իսկապես, ընդամենը 30 տարեկան ես:
-Շնորհակալություն: Բայց հարցդ տուր, խնդրում եմ:
-Ես, որոշակի պայմանականությամբ, ցուցասրահ մուտք գործողներին բաժանում եմ երեք խմբի` նկարիչների, արվեստի սիրահարների և արվեստաբանների: Այս խմբերից յուրաքանչյուրի հետ քո փոխշփման առանձնահատկությունները:
-Շատ կարևոր է նկարչի խոսքը, նկարչի դիտարկումը: Բայց... նայած ինչ նկարչի: Իսկական պրոֆեսիոնալ նկարիչներից շատ շոյիչ խոսքեր լսեցի և շատ պարտավորեցնող:
Արվեստասերների ուշադրությունից ես դժգոհ չեմ, այցելում են և՛ իմ ստեղծագործություններին ծանոթ-գնահատողները, և՛ նոր մարդիկ: Շատ անսպասելի էր մի կնոջ վերաբերմունքը: Շրջեց, դիտեց ուշադիր ու հարցրեց. «Իսկ մետաքսն ո՞ւր է, այս երկու կտո՞րն է ընդամենը»: Չէր հասկացել, որ յուրաքանչյո՛ւր գործ նկարված է մետաքսի վրա: Սա նվաճում էր ինձ համար: Եթե նյութը խանգարում է դիտողին, ուրեմն չի հաջողվել նրան ասել այն խոսքը, որ կամեցել եմ ասել: Տիկնոջը զարմացրել էր, որ բոլո՛ր նկարները մետաքսի վրա են արված, և ոչ միայն երկու մետաքսյա վարագույրները: Ընդ որում, վերջիններս էլ մետաքս չեն, այլ շատ բարձր որակի բամբակյա գործվածքներ, մշակված Շվեյցարիայում: Դրանք դասական սարիներ են, որոնց չափսը 4,5 մետր է, և պատվիրված են Սուդանի և արաբական այլ երկրների հարուստ կանանց կողմից: Սարիով փաթաթվում են սովորական եվրոպական հագուստի վրայից` ծածկում են գլուխները, փաթաթում մարմինները: Արաբական թերակղզու չափազանց շոգ կլիման է ստիպում բարձրորակ բամբակի գործվածք օգտագործել:
-Արվեստաբաններին չմոռանանք: Նրանք քեզ կարծես չմոռացան:
-Եկան և գալիս են: Ընդհանուր է մեկ միտք` ցուցահանդեսն ուրախ է, պայծառ ու տրամադրող: Սա կարևոր է, ի հեճուկս նրանց, ովքեր պնդում են, թե ուրախանալու բան չկա մեր կյանքում: Համոզված եմ` առավոտյան արթնանալն ու օրը սկսելը, արևն ու բնությունը տեսնելն արդեն իսկ ուրախություն է, ինչը ես փորձում եմ իմ արվեստում ներկայացնել: Սա, ի դեպ, հաճախ եմ սերմանում ուսանողներիս մեջ: Եվ հարցնում եմ նրանց, ինչու ֆրանսիացին նուրբ ճաշակ ունի: Քանզի ծնվում և ապրում է Փարիզում: Իսկ եթե մարդը ծնվում և հասակ է առնում 15-րդ թաղամասում ու իր պատշգամբից միայն աղբատարի շուրջ կուտակված աղբն է տեսնում, միևնույն է, հույս ունի, որ մի գեղեցիկ օր այդ աղբը վերանալու է:
-Բայց ընդունիր, որ անգամ ամենալավատես մարդուն մեր միջավայրը կարող է հոռետեսության մղել. ամենուր աղբ է, շինարարական, կենցաղային, այլևայլ: ՈՒ համատարած փոշի:
-Սակայն պետք չէ կամա-ակամա «աղբային մտածողություն» ձևավորել: Վերջերս իմ սիրած ռուս գրողներից մեկն էր Երևանում, Յուրի Պոլյակովը: Հանդիպման ժամանակ ասաց, որ հիմա արվեստը հենվում է «Որքան վատ, այնքան լավ» նշանաբանի վրա: Ես այլ ճանապարհ եմ ընտրել…
-Յուրաքանչյուր ցուցահանդեսում նկարչի հետ փորձություն է անցնում նաև ցուցասրահը: Այսօր ինչպե՞ս ընկալեցիր հիմնանորոգված ցուցահանդեսային դահլիճը:
-Վաղուց էի սպասում նոր ցուցասրահին և շատ ուրախ եմ: Ոմանք քթի տակ դժգոհում են: Բայց, անկեղծ ասեմ, չտեսնված դահլիճ է, լուսավորությունը ներդաշնակ է, ընդարձակությունը` և՛ գրավող, և՛ վախեցնող, իսկ եթե «չլցնես» ցուցասրահը… Հարյուր աշխատանք եմ ներկայացրել, արված վերջին մեկ տարում: Տասը տարի առաջ դարձյալ ցուցադրվում էի այս դահլիճում: Եթե հիշում ես, առաստաղը շատ էր բարձր: Երբ մետաքսները կախեցինք, հետո ստիպված էի ամբողջը լվանալ` փոշու և աղտոտության մեջ կորած էին:
-Նունե, ցուցահանդեսի բացման օրը ներկա էին քո ուսանողները, շատերն ընտանյոք հանդերձ: Խոսենք այս մասին էլ: Կերպարվեստի ուսանողն այսօր ինչպե՞ս է պատկերացնում իր վաղվա օրը:
-Գիտես, յուրաքանչյուրն ունի ընտրության իրավունք և հնարավորություն: Այսօրվա ուսանողը ցուրտ ու մութ տարիների սերունդն է: Ցավով պետք է նշեմ, որ շատերը գալիս են ուղղակի ժամանակ սպանելու: Շատերը նույն հաջողությամբ կարող են նույն ժամանակը վատնել, ասենք, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում կամ բժշկական համալսարանում:
Դասավանդում եմ դիզայնի ամբիոնի մոդելավորման բաժնում: Կուրսային աշխատանքից առաջ հարց եմ առաջադրում` ձեր սիրած նկարիչը, զգեստը և տեքստիլը նրա նկարներում: Պատասխաններից շատերը միօրինակ ու... ահասարսուռ են. «Մենք սիրած նկարիչ չունենք»: Մեկն ասաց, որ Վրուբելին է սիրում: Իսկ կողքի նստածը չվարանեց հարցնել. «Բա Վրուբելի ազգանունը ո՞նց ա»…
Ստիպված, ողջ տարին զբաղված եմ լիկբեզով: ՈՒսանողներին թանգարանններ եմ տանում, պատկերասրահ ու Մատենադարան: Պատկերացրու, նրանցից շատերը որևէ թանգարանում երբևէ չեն եղել: Էլ չեմ ասում Մատենադարանի մասին: Սա նշանակում է, որ արվեստն ու այս մարդիկ հակառակ բևեռներում են:
-Լավ, ի՞նչ է լինելու Վրուբելի ազգանունով հետաքրքրվողների ճակատագիրը:
-Նրանք մարդ չեն սպանի, քանզի թերուս բժիշկներ չեն: Նա որպես նկարիչ չի կայանա և սոված կմնա: Ի՞նչ կարող ես անել, մարդիկ մատիտ չեն կարողանում բռնել, բայց անպատճառ կամենում են գեղարվեստի ակադեմիայի բակալավրի դիպլոմն ունենալ: Սա, ցավոք, համընդանուր է: Մենք որդեգրել ենք մի հիմար ուսումնական համակարգ և առաջնորդվում ենք նույնքան անհեթեթ, անհեռանկար ծրագրերով:
-Իսկ շնորհալի ուսանողի վաղվա օրը ի՞նչ զուգահեռներում և ուղղահայացներում ես տեսնում:
-Իսկապես, շնորհալի ուսանողները փնտրտուքի մեջ են, կարդում են, ուսումնասիրում և, իհարկե, հնարավորինս յուրացնում մեր մատուցածը: Նրանք կգտնեն իրենց տեղը: Չէ՞ որ մենք նաև ուսուցանում ենք շուկայի զարգացում: Նրանք գործնական ուսումնասիրություններ են անցկացնում և, մասնավորապես, տեղյակ են, թե, ասենք, ո՛ր համարի կոշիկներն են առավել սպառվող, ո՛ր բուհերի ուսանողուհիների հագ ու կապը ինչպիսի յուրահատկություն ունի: Սա մեր նախաձեռնությունն է: Իսկ ուսումնական ծրագրով արվեստի պատմություն անցնում են… երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակից: Իսկ ես ավարտել եմ Մոսկվայի տեքստիլի պետական ինստիտուտը, և մեր առաջին դասը նվիրված էր Եգիպտոսի արվեստին:
Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ